MENU
Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 17 » Սուր աղիքային վարակի կասկածով Արմավիրի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել ևս 2 երեխա
17:15
Սուր աղիքային վարակի կասկածով Արմավիրի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել ևս 2 երեխա

                                         

Արմավիրի մարզում սուր աղիքային վարակի կասկածով ևս երկու երեխա կեսգիշերին մոտ հոսպիտալացվել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժամունք: Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, հիվանդանոցային բուժում ստացող բոլոր երեխաները գիշերը գտնվել են մասն ագետների մշտական հսկողության ներքո: Երեխաների վիճակը գնահատվել է կայուն։

Կազմակերպված բուժման արդյունքում Արմավիրի ինֆեկցիոն բաժանմունքում գտնվող երեխաների մոտ առկա է առողջացման դրական տեղաշարժ:

Կոմայի մեջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված փոքրիկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Համակարգչային տոմոգրաֆիական հետազոտության արդյունքում ախտորոշվել է ուղեղի այտուց։  Երեխային զննել է նաև այս օրերին Հայաստանում գտնվող Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը։ Նրա մասնակցությամբ գիշերը կազմակերպվել է կոնսիլիում։ Վիրահատության կամ որևէ այլ միջամտության անհրաժեշտություն չի եղել։ Երեխան շարունակում է ստանալ ինտենսիվ բուժում կյանքի ֆունկցիաները պահպանելու և վերահսկելու ուղղությամբ:

Տղան ծնվել է առողջական խնդիրներով, մի քանի անգամ երկարատև բուժում է ստացել հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարբեր հիվանդանոցներում:

Նախարարությունից հունիս 16-ի երեկոյան 23:30-ի մոտ տեղեկացրել էին, որ Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք հունիսի 16-ի ցերեկն ընդունվել է Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջիկ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմուք՝ մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն աղջնակի կյանքը փրկել չի հաջողվել։ 

Ռեանիմոբիլով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն ախտանշաններով, ծանր վիճակում գտնվող փոքրիկ տղա` Նորապատ գյուղից։ Արմավիր քաղաքի նույն ընտանիքի երկու երեխա (տարբեր մանկապարտեզների սաներ) ևս ընդունվել են տեղի ինֆեկցիոն բաժանմունք։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է թեթև։

Ահազանգը ստանալուն պես Արմավիր մեկնած նախարարության մասնագետները տեղում իրականացրել են համաճարակաբանական մանրակրկիտ և ծավալուն աշխատանքներ։ Վարակի աղբյուրը պարզելու նպատակով իրականացվում են նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներ։ Համաճարակաբանական ուսումնասիրությունների արդյունքում մասնագետներն արձանագրված դեպքերի միջև փոխկապակցվածություն չեն տեսնում: (http://orer.am/?p=113737&l=am)

 

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 115 | Ավելացրեց: hovik1998m | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar